National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.06.2013
Խորհրդարանական լսումներ
1 / 4

Հունիսի 7-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի մշակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀԿ-ների, համայնքների, համապատասխան գործունեությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ լսումների միջոցով նպատակ ունեն լրամշակել նախագծում առկա դրույթները եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնել բարեփոխված նախագիծ:

Համահեղինակ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ նախագիծը ծնվել է՝ ելնելով ոլորտում տիրող անմխիթար վիճակից:

Առաջարկվում է օրենքը լրացնել նոր պարբերությամբ, ըստ որի՝ պետական լիազոր մարմինը մշակում է բնագավառի պետական քաղաքականությունը, անցկացնում է գերեզմանատների տարածքների մշտադիտարկում, առաջարկներ է ներկայացնում գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ եւ այլն: Բացի այս՝ հեղինակներն առաջարկում են ոլորտ ներմուծել նաեւ մասնավոր գերեզմանատներ հիմնելու գաղափարը, ինչին իրենց ելույթներում դեմ արտահայտվեցին բազմաթիվ մասնակիցներ: Ի պատասխան Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենք ի նկատի են ունեցել ոչ թե մասնավոր գերեզմանատներ հիմնումը, այլ ոլորտում մասնավոր ծառայություններինմատուցումը: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ ոլորտը բարեփոխման եւ կանոնակարգման կարիք ունի:

Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության տեսակետը նախաձեռնության վերաբերյալ դրական է, ավելին՝ կառավարությունն ունենալով նույնաբովանդակ նախագիծ, պատգամավորներին առաջարկել է հանդես գալ որպես համահեղինակներ, ինչը սիրով ընդունվել է: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը նշեց, որ արդեն իսկ մշակվել է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը լրամշակման փուլում է: Նախագծի որոշ դրույթների, առավելապես մասնավոր գերեզմանատներ հիմնելու գաղափարին դեմ արտահայտվեցին պատգամավորներ, քաղաքապետարանների, համայնքների , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ է ունենալ հայեցակարգ, ոչ թե առաջարկել իրավիճակային լուծումներ: Պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն առաջարկեց զերծ մնալ շտապողականությունից, քննարկումներ անցկացնել նաեւ համայնքներում: Պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն էլ համոզված էր, որ մասնավոր գերեզմանատների հիմնադրումը կխորացնի սոցիալական անհավասարությունը:

Այս տեսակետը կիսում էր նաեւ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Ըստ նրա, ներկայացված նախագիծը չի կարող կարգավորել ոլորտը. որտեղ, ըստ նրա՝ անհրաժեշտ է իրականացնել պետական վերահսկողություն:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն անդրադառնալով քննադատություններին, պարզաբանեց, որ գործող օրենքով, որը մի քանի տարվա կյանք ունի, հնարավոր չէ կանոնակարգել տասնամյակների կյանք ունեցող գերեզմանատների գործունեությունը: Այն հիմնականում կանոնակարգում է նորաստեղծ գերեզմանատների աշխատանքը:

Քաղաքապետի տեղակալն առաջարկեց հստակեցնել նախագծում առկա «մասնավոր գերեզմանատուն», ինչպես նաեւ հողերին վերաբերող հասկացությունները: Ըստ նրա՝ մասնավոր գերեզմանատների հիմնումը կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների:

Եզրափակիչ ելույթներում օրինագծի համահեղինակներն անդրադարձան հնչած մտահոգություններին եւ տեսակետներին, տվեցին պարզաբանումներ:

Ամփոփելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ եւ բուռն քննարկումների համար, նշելով, որ ի հայտ եկան նոր մտահոգություններ եւ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն: Նա մասնակիցներին հորդորեց ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք մանրամասն կքննարկվեն եւ կբարեփոխեն պատգամավորների եւ կառավարության համատեղ նախագիծը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am